Վահան Շիրխանյանի կալանավորման ժամկետն երկարաձգվեց

15.02.2016, 12:43
Երկարաձգվեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի կալանավորման ժամկետը։
Վահան Շիրխանյանի կալանավորման ժամկետն երկարաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը նախօրեին երկու ամսով երկարացրել է Մարաշում զինված խմբի գործով մեղադրյալ՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կալանավորման ժամկետը: Այս մասին հաղորդում է pastinfo.am կայքը` հղում անելով Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանին:

Վահան Շիրխանյանը կալանավորվել է>>

Ոսկանյանի խոսքով` դատարանը հաշվի չի առել Քրեակատարողական վարչությունից իր ներկայացրած փաստաթուղթն առ այն, որ Շիրխանյանը պետք է ենթարկվի ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության, այսինքն՝ վատառողջ է:

Պաշտպանը հավելել է, որ դատարանը մերժել է նաև կալավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը:

Դատարանը մերժել է Վահան Շիրխանյանին հիվանդանոց տեղափոխելու միջնորդությունը>>

Կալանավորման ժամկետն երկարացնելու այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան:

Վահան Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել դեկտեմբերի 21-ին Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:-0-