ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Տուլայի մարզի Ուզլովսկի քաղաքային դատարանը երեքշաբթի մեղավոր է ճանաչել ՀՀ քաղաքացի Գառնիկ Հարությունյանին ՃՏՊ–ի մեջ, որը հանգեցրել է մարդկանց մահվան,
Ինտերֆաքսին տեղեկացրել է մարզային դատախազի ավագ օգնական Լյուբով Կուզնեցովան։
Դատարանը վճռել է, որ 2015 թ.–ի նոյեմբերի 3–ին դատապարտյալը, վարելով Higer մակնիշի ոչ սարքին վիճակում գտնվող ավտոբուսը, գերազանցել է թույլատրելի արագությունը։
Տուլայի մարզի Ուզլովսկի շրջանի ավտոճանապարհի 221–րդ կմ–ում, շրջապտույտ կատարելիս, վարորդը չի ընտրել ավտոբուսի երթևեկության անվտանգ հետագիծ և շարունակել է երթևեկությունը նախկին արագությամբ, ինչի հետևանքով ավտոբուսը բախվել է մետաղական ցանկապատի։
ՃՏՊ–ի հետևանքով ավտոբուսի ուղևորներից ինը մահացել են, ևս յոթը` ստացել մարմնական ծանր վնասվածքներ։ Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 59 ուղևոր և երկու վարորդ։ Նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են։
Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ 264–րդ հոդվածի 5–րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավել անձանց մահվան)։ Հարությունյանը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, նա նաև 3 տարով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։–0–