«Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է

02.08.2016, 17:45
Հուլիսի 31-ին ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը կայուն ծանր վիճակում է:
«Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 31-ին ժամը 9:30-ի սահմանում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ով վիրահատության էր ենթարկվել, կայուն ծանր վիճակում է, հաղորդում է tert.am կայքը:

«Կրծքավանդակի առաջնային պատի թափանցող վնասվածքով զինյալ խմբի անդամը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Հայթայանը նաև ասել է, որ «Սասնա ծռերի» դեպքերի հետ կապված այսօր հիվանդանոցներից դուրս է գրվել 5 հիվանդ՝ 3 քաղաքացի և 2 ոստիկան: Այսպիսով, ներկա դրությամբ ՊՊԾ գնդի գրավման ու ցույցերի ընթացքում վիրավորվածներից հիվանդանոցներում բուժում է ստանում 20 հիվանդ:

Առողջապահության նախարարի խոսնակը ասել է, որ ծանր է նաև ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման արդյունքում հուլիսի 17-ին կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը։

«Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ոստիկանի մոտ վիրավորումից վնասվել են լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաև թոքերը։ Կլինիկայի մասնագետները փուլ առ փուլ պայքարում են հիվանդի վիճակը բարելավելու համար։ Ոստիկանը նախօրեին երրորդ անգամ է վիրահատվել։

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել են ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կան վիրավորներ: -0-