«Քաթարի ավիաուղիները» Դոհա–Երևան ուղիղ չվերթ կբացեն

25.01.2016, 13:59
«Քաթարի ավիաուղիներ» (Qatar Airways) ավիաընկերությունը 2016 թ.–ի մայիսի 15–ից կսկսի Դոհա–Երևան ուղիղ ավիաչվերթերի իրականացումը:
«Քաթարի ավիաուղիները» Դոհա–Երևան ուղիղ չվերթ կբացեն
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Քաթարի ավիաուղիներ» (Qatar Airways) ավիաընկերությունը 2016 թ.–ի մայիսի 15–ից կսկսի Դոհա–Երևան ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, նշվում է ավիաընկերության կայքում։ 

Չվերթերն իրականացվելու են Аirbus-320 ինքնաթիռներով շաբաթը չորս անգամ։

«Դոհա–Երևան նոր չվերթի ուղևորները Qatar Airways–ի գլոբալ ցանցի միջոցով հասանելիություն կստանան մնացած աշխարհի նկատմամբ` օգտվելով բիզնեսի և հանգստի համար նախատեսված ճամփորդությունների ընդլայնված հնարավորություններից», – հայտարարել է ավիաընկերության գլխավոր–գործադիր տնօրեն Ակբար Ալ Բեյկերը։ 

Նրա խոսքով` «Քաթարի ավիաուղիները» վերջին տարիներին գրանցում են աննախադեպ զարգացում` բացելով նոր չվերթեր աշխարհի տարբեր ուղղություններով։ 

«Քաթարի ավիաուղիներ» ավիաընկերությունը Քաթարի ազգային ավիափոխադրողն է, որն առավել արագ զարգացող ավիաընկերություններից է։ Ավիաուղիների պարկում կա 175 ինքնաթիռ, որոնք չվերթեր են կատարում վեց մայրցամաքների ավելի քան 150 ուղղություններով։ «Քաթարի ավիաուղիները» 2015 թ.–ին երրորդ անգամ ճանաչվել են Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ավիաընկերությունը։ –0–