Փաշինյանը նշել է ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացի ձգձգման պատճառը

02.09.2018, 22:32
Փաշինյանը նշել է ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացի ձգձգման պատճառը:
Փաշինյանը նշել է ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացի ձգձգման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վիզաների ազատականացման մասին ԵՄ–ի հետ բանակցությունները պաշտոնապես չեն սկսվել, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`  Facebook –յան իր էջում կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ 

«Հուսով ենք, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները կհանգեցնեն այդ հարցի շուտափույթ և արդյունավետ լուծման», – ասաց նա։ 

Վարչապետը նաև հիշեցրեց, որ օգոստոսի 24–ին Երևան կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ Հայաստան–ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում կգրանցվի առաջընթաց։

«Եթե սկսված քաղաքական գործընթացները շարունակվեն, ապա, մեր կարծիքով, մեզ մոտ բավականին արագ կգրանցվի նման իրավիճակ (առանց վիզայի ռեժիմ ԵՄ–ի հետ, խմբգր.)», – ասաց ՀՀ վարչապետը։

Նա նաև նշեց ազատականացման գործընթացի ձգձգման պատճառը։

«Հայաստանն անօրինական միգրացիայի աղբյուր հանդիսացող երկիր է, դա շատ նուրբ հարց է, և բազմաթիվ երկրներ նախընտրում են ցուցաբերել ավելի զգուշավոր մոտեցում։ Սակայն Մերկելի երևանյան այցի ժամանակ ես ներկայացրեցի վիճակագրություն այն մասին, որ հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձողների թիվը գերազանցում է` միգրանտների թվի համեմատ», – նշեց Նիկոլ Փաշինյանը։

Այսպես, նա ներկայացրեց միգրացիայի վերաբերյալ թարմացված վիճակագրական տվյալները, ըստ որոնց, մայիսի 8–ից օգոստոսի 31–ն ընկած ժամանակահատվածում երկիր այցելածների թիվը 22,9 հազարով գերազանցել է երկրից հեռացածների թվին։

ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը, որն ապրիլի 11–ին վավերացվել է ՀՀ ԱԺ–ի կողմից, մասամբ ուժի մեջ է մտել 2018 թ.–ի հունիսի 1–ից։ Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ.–ի նոյեմբերի 24–ին Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։ 

Այսպիսով, Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ առաջին երկիրը, որը նման փաստաթուղթ է ստորագրել ԵՄ–ի հետ։ Համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ կմտնի ԵՄ բոլոր 28 անդամ երկրների և Հայաստանի կողմից վավերացումից հետո։ Այս պահին փաստաթուղթը վավերացրել են Հայաստանը, Էստոնիան, Լատվիան, Լեհաստանն ու Լիտվան։ 

Օգոստոսի 17–ին Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրում հաղթահարվել է միգրացիայի առաջին փուլը։ Պաշտոնական տվյալներով, այս տարվա մայիսի 10–ից օգոստոսի 14–ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 29986–ով ավել մարդ, քան հեռացել է։ Երեք ամսում Հայաստան է ժամանել 34 հազարով ավել օտարերկրյա քաղաքացի` 2017 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։–0–