Փաշինյանը մեկնաբանել է ՀՀ–ում օլիգարխների բացակայության մասին հայտարարությունն ու Հունան Պողոսյանի նշանակումը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուրբաթ Կապանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ՀՀ–ում օլիգարխների բացակայության մասին հայտարարությունն ու Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակումը։
Օլիգարխների մասին
«Իմ հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում չկա օլիգարխիա և օլիգարխներ, ճիշտ չի մեկնաբանվել և առիթ է դարձել քաղաքական շահարկումների և մեկնաբանությունների համար», – հայտարարեց Փաշինյանը։
Նախօրեին Հայաստանում կրիպտոարժույթի մայնինգի առաջին ֆերմայի բացման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում չկա օլիգարխիա և օլիգարխներ։
«Երկար տարիների Հայաստանում «օլիգարխ» և «օլիգարխիա» բառերը շատ տարածված են եղել։ «Օլիգարխիա» նշանակում է քչերի իշխանություն, և ես,ասելով, որ Հայաստանում չկան օլիգարխներ, ասել եմ, որ Հայաստանում քչերի իշխանությունն արդեն տապալված է և հաստատվել է ժողովրդի՝ շատերի իշխանությունը», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով, դա չի նշանակում, որ այն անձինք, ովքեր նախկինում եղել են կամ կոչվել են օլիգարխներ, այլևս գոյություն չունի։ Ընդամենը դադարել է գոյություն ունենալ նրանց կարգավիճակը, քանի որ Հայաստանում չի կարող լինել մի մարդ, ով իրեն կարող է ավելի բարձր համարել ժողովրդից և պետական իշխանությունից։
Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին
Փաշինյանն անհիմն է համարել դժգոհությունները Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակման հարցում։ Նրա խոսքով, նշանակումը թելադրված է եղել մարզի ռազմավարական նշանակությամբ։
«Ցավոք սրտի, Սյունիքում հաճախ արձանագրվում է թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսք դեպի Հայսատան և այդ թմրամիջոցների մի մասը դուրս է գալիս Հայաստանով՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը, մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երիտասարդությանը։ Եվ ինձ համար հատուկ կարևորության խնդիր է ջարդել այդ նարկոթրաֆիկինգի ողնաշարը։ Միամտություն կլինի կարծել, թե դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում, օտարերկրացիները չեն կարող գործել, եթե տեղում չուենան գործակիցներ։ Ահազանգեր են լինում, որ կրիմինալի ազդեցությունը շարունակում է ծանրակշիռ մնալ մարզում։ Չենք կարող թույլ տալ, որ ազատագրված Սյունիքում այսպիսի երևույթները զարգանան», – հայտարարեց Փաշինյանը։
«Այո, ես կանգ եմ առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա։ Որևէ գաղտնիք չկա, թե ով է նա եղել նախկինում, ով եմ եղել ես և որտեղ ենք մենք հանդիպել վերջին անգամ։ Դա եղել է փշալարերի մոտ ապրիլին, երբ Պողոսյանն ինձ նստեցրել է մեքենա և ուղարկել հիվանդանոց», – նշեց Փաշինյանը։
Բոլոր առարկություններին, որ Պողոսյանը բարձրաստիճան ոստիկան էր բարիկադների այն կողմում, Փաշինյանը հակադարձեց Վալերիյ Օսիպյանի և Արթուր Վանեցյանի օրինակներով։
«Սա է նոր Հայաստանի հեղափոխությունը։ Պարոն Պողոսյան, ես հույս ունեմ, երբ հաջորդ անգամ գանք, մարդիկ ձեզ նույն կերպ կողջունեն Սյունիքի բոլոր քաղաքներում, որովհետև դուք պարտավոր եք ծառայել ժողովրդին»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։–0–