Փաշինյան. Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, սակայն հարցը պետք է լուծվի իրավական դաշտում

16.05.2018, 10:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումն է ներկայացրել քաղբանտարկյալների վերաբերյալ։
Փաշինյան. Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, սակայն հարցը պետք է լուծվի իրավական դաշտում

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումն է ներկայացրել քաղբանտարկյալների վերաբերյալ։

Facebook–յան իր էջի ուղիղ եթերում նա հիշեցրել է, որ լինելով վարչապետի թեկնածու` խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է, որ այդ խնդիրը պետք է լուծում գտնի, որպեսզի Հայաստանն ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից։

«Շատերը պատկերացնում են, որ այս հայտարարությունից հետո պետք է գնանք, բանտախցերի դռները բացենք և քաղբանտարկյալներին ասենք՝ դուրս եկեք: Սա ճիշտ, օրինական ճանապարհ չէ, մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքներով։ Ես զբաղվում եմ քաղբանտարկյալների հարցերով, որպեսզի օրինական միջոցներով ազատ արձակվեն։ Եվ այս խնդրում որեւէ տարընթերցում չպիտի լինի», – ասաց ՀՀ վարչապետը։

Միաժամանակ Փաշինյանն ընդգծեց, որ իր համար երկու տարբեր խնդիրներ կան։

«Կան քաղաքականության հետ առնչվող գործեր, որտեղ չունենք զոհեր, և կան գործեր, որտեղ ունենք զոհեր: Ես ուղիղ ուզում եմ ասել, որ խոսքը վերաբերում է «Սասնա ծռերի» գործին: Այն գործերում, որտեղ չկան զոհեր, դրանք պարզ գործեր են, և մարդիկ օրենքով սահմանված կարգով պետք է դուրս գան բանտերից: Նախաքննական փուլում գտնվող գործերը ևս պետք է օրինական ճանապարհով լուծենք: Ես հույս ունեմ, որ ՀՀ որևէ քաղաքացի չի ակնկալում, որ ես մտնեմ բանտերը և ասեմ՝ տղերք, դուրս եկեք:  Եթե դատավճիռն ուժի մեջ է մտել, և որոշակի ժամկետ են տվել, պետք է նայեն՝ արդյոք պայմանական ժամկետը լրացել է, և տեսնեն, թե ինչ օրինական ճանապարհով կարող են խնդիրը լուծել», – ասաց Փաշինյանը։

Խոսելով «Սասնա ծռերի» գործի մասին` կառավարության ղեկավարը նշեց, որ այն մի փոքր տարբերվում է։ 

««Սասնա ծռերի» գործի հանգուցալուծումը շատ կարևոր է Հայաստանում համերաշխության հաստատման համար: Այդ գործի վերաբերյալ հանրային քննարկում պետք է ունենանք՝ տարբեր ֆորմատներով: Ինձ համար շատ կարևոր է, որ այդ դեպքի ժամանակ զոհված ոստիկանների հարազատներին հրավիրենք, զրուցենք և նրանց հետ նույնպես քննարկում ունենանք: Ես տպավորություն եմ ստանում, որ այս թեմաների շուրջ ինչ-որ կասկածներ են առաջացել, և ես հույս ունեմ, որ դրանք արհեստական նպատակներ չունեն: Ես, լինելով նախկին քաղբանտարկյալ, վարչապետի աշխատասենյակ մտնելով՝ իմ մտահոգությունների առարկան այս խնդիրն է եղել», – ընդգծեց վարչապետը։

«Ես նաև գիտեմ, որ սա շատ նուրբ և բարդ խնդիր է, որը հարկավոր է լուծել բացառապես իրավական դաշտում, իսկ դրա համար հարկավոր է ժամանակ և որոշակի ընթացակարգեր», – ընդգծեց նա։

Այս կապակցությամբ Փաշինյանը դիմեց քաղաքացիներին` խնդրելով ըմբռնումով մոտենալ այս հարցին` հաշվի առնելով այն, որ քաղբանտարկյալներին վերաբերող բոլոր հարցերը պետք է միանշանակ լուծվեն։

«Հայաստանում քաղբանտարկյալ երբեք չպետք է լինի։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող», – հայտարարեց Փաշինյանը։–0–