Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը փլուզման եզրին է. Օհանյանը «սեփական խաղն» է սկսում

19.04.2017, 11:59
Հնարավոր է, որ Սեյրան Օհանյանը առաջիկայում սեփական կուսակցությունը հիմնի:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը փլուզման եզրին է. Օհանյանը «սեփական խաղն» է սկսում
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը փլուզման եզրին է, գրում է «Հրապարակ» թերթը:

«Խորհրդարանական ընտրություններից հետո ՕՐՕ-ականներով ոչ հավաքվել են, ոչ նիստ ու ժողով արել, առաջնորդներն անգամ շնորհակալություն չեն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանք- չարչարանքի համար», - նշում է պարբերականը:

Դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը մեկնել է ԱՄՆ՝ իր ամենամյա դասախոսություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը ևս օվկիանոսից այն կողմ է:

Պարբերականը հայտնում է, որ Սեյրան Օհանյանից որևէ տեղեկություն չկա։ Շրջանառվող լուրերի համաձայն, նրա մոտ ընկճախտ է:

Միաժամանակ, «Ժամանակ» թերթը գրում է, որ, հակառակը, Սեյրան Օհանյանը առաջիկայում հնարավոր է սեփական կուսակցությունը հիմնի կամ ղեկավարի «ՕՐՕ» դաշինքը, որը կփոխի իր ձևաչափը և կդառնա կուսակցություն` հաշվի առնելով այն հանգամանքոը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը մտորում են ակտիվ քաղաքականությունից դուրս գալու շուրջ։

Թերթը նշում է, որ սեփական կուսակցությունը հիմնելու դեպքում, ամենայն հավանականությամբ, Օհանյանի կողքին կկանգնեն «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչները, որոնցից մի քանիսը խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էին ՕՐՕ դաշինքից։ -0-