ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանն առաջարկում է արգելել թուրքական ապրանքների ներկրումը

26.04.2016, 18:57
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանն առաջարկում է արգելել թուրքական ապրանքների ներկրումը։
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանն առաջարկում է արգելել թուրքական ապրանքների ներկրումը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանն առաջարկում է արգելել թուրքական ապրանքների ներկրումը։

Ինչպես նշեց պատգամավորը ՀՀ ԱԺ նիստի ժամանակ, հաշվի առնելով Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշումը, Հայոց ցեղասպանության ժխտումն ու չկարգավորված հայ–թուրքական հարաբերությունները` Հայաստանը չպետք է աջակցի Թուրքիայի տնտեսությանը թուրքական ապրանքների ներկրման միջոցով։

«Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Ադրբեջանին, որը ռազմական ագրեսիա է իրականացնում հայերի և արցախցիների նկատմամբ, և մենք չպետք է աջակցենք մեր հակառակորդին», – ասաց Դոխոլյանը։

Նա նաև ավելացրեց, որ թուրքական ապրանքներ գնելը կարող է նաև վտանգավոր լինել կյանքի համար` հաշվի առնելով երկու երկրների միջև անբարյացակամ հարաբերությունները։

Այս կապակցությամբ Դոխոլյանն առաջարկում է արգելել թուրքական ապրանքների ներկրումը, դեպի Թուրքիա ուղիղ չվերթերի իրականացումը, ինչպես նաև այդ երկրում հայերի հանգստի կազմակերպումը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:–0–