Մայր Աթոռում շաբաթ օրը ցուցադրվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

29.11.2015, 17:38
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շաբաթ օրը տոնախմբեց Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը, և այս առիթով Մայր Տաճար բերվեց Սուրբ Գեղարդը, որով խոցվել է Հիսուս Քրիստոսի կողը։
Մայր Աթոռում շաբաթ օրը ցուցադրվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շաբաթ օրը տոնախմբեց Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը, և այս առիթով Մայր Տաճար բերվեց Սուրբ Գեղարդը, որով խոցվել է Հիսուս Քրիստոսի կողը։

 - рис.1

Սուրբ գեղարդը Մայր Տաճար է բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանից։ 

Սուրբ գեղարդը տեգ է, սրբազան մասունք՝ կապված Հիսուս Քրիստոսի խաչելության հետ։ 

Գեղարդը մոտավորապես 15 սմ երկարությամբ տափակ կամ եռանիստ երկաթե տեգ է, որը, փայտի ծայրին ամրացվելով, ծառայել է որպես խոցող զենք։Առաջին դարի սկզբին առաքյալ Թադեոսը գեղարդը տեղափոխել է Հայաստան։ XII դարից այն պահվել է Այրիվանքում, որն այնուհետև վերանվանվել է Գեղարդավանք։ Միջնադարում արշավանքների հետ կապված սպառնալիքների պատճառով գեղարդը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ 

 - рис.2

Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գեղարդով) խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը, որից «իսկույն արյուն և ջուր ելավ» (Հովհաննես 19.33–34 թվականներ)։ Այդ օրվանից մահվան զենքը՝ Գեղարդը, դարձել է քրիստոնյաների համար սրբազան մասունք։ Հայ եկեղեցու ավանդության համաձայն, գեղարդը 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։ 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել, Գեղարդը դարձել է Հայ եկեղեցու սեփականությունը։ 

Հիշատակություններ կան, ըստ որոնց, Հայաստանում կամ հարևան երկրներում օգտվել են Սուրբ Գեղարդից՝ երկիրը և ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար։

 - рис.3

Սուրբ Գեղարդ 500 տարի պահվել է Այրիվանքում, որը հետագայում, ի պատիվ Գեղարդի, կոչվել է Գեղարդավանք։ Հայոց կաթողիկոսները մյուռոնօրհնության ժամանակ Լուսավորչի Աջի հետ Սուրբ Գեղարդով ևս օրհնում են մյուռոնը։ Ներկայումս Գեղարդը պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում։ Գեղարդի արծաթե մասնատուփը 1687 թվականին պատրաստել է Պռոշյան իշխանատան հետնորդ Դավիթ եպիսկոպոսը։

 - рис.4

Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները  Հայ եկեղեցու հիմնադիրներն են։  Ավանդության համաձայն` Բարդուղիմեոս առաքյալն իր քարոզչական գործունեության առաջին մասն իրականացրել է Պարթևական աշխարհում՝ հասնելով ընդհուպ Եդեմ գավառ (Հնդկաստանին մոտ)։ Քարոզել է նաև «Ասորվոց և Դերմանիկեցվոց երկրներում»։ Պարթևական տերություն մտնելով՝ քրիստոնեություն է տարածել նաև Հայաստանում` մոտավորապես  60-66 թվականներին` սկսելով քարոզչությունը Սյունյաց նահանգի Որդվատ գյուղից, որտեղից անցել է Գողթն գավառ (համաձայն աղբույրների՝ Հայոց Սանատրուկ թագավորի գահակալության 29-րդ տարում այստեղ եպիսկոպոս է ձեռնադրել իր պարսիկ հետևորդներից մեկին՝ Կումսին) ապա Արտաշատ։ Այստեղ Բարդուղիմեոսը հանդիպում է Թադեոս առաքյալին, ինչը ցրում է այն կարծիքը, թե Բարդուղիմեոսը քարոզել է Հայաստանում Թադեոսի նահատակությունից հետո։ Արտաշատից առաքյալը մեկնում է Հեր և Զարևանդ գավառները, ապա Անձևացյաց գավառի Աղբակ քաղաք, որտեղ նրա գործուն՝ Սուրբ Հոգով լեցուն քարոզխոսությամբ՝ քրիտոնեություն է ընդունում նաև թագավորի քույրը՝ Իշխանուհին (Ոգուհին)։ Պատժելու համար Բարդուղիմեոսի մոտ է ուղարկվում Տերենտիոս հազարապետը, ով ևս դարձի է գալիս և մկրտվում է։ Սանատրուկ թագավորի հրամանով Բարդուղիմեոսը, Ոգուհին և Տերենտիոսը ներկայացվում են ատյան, որտեղ հարցաքննվելուց հետո՝ 66թ.-ին, բրածեծ անելով նահատակվում է Բարդուղիմեոսը, իսկ սրախողխող արվելով մյուսները։ Այլ եկեղեցիների ավանդության համաձայն` Բարդուղիմեոսը նահատակվել է մաշկազերծ արվելով, ինչի համար էլ պատկերագրության մեջ հաճախ պատկերվում է մորթը ձեռքին։ Որպես նահատակության վայր նշվում է Աղբակ քաղաքը։–0–