Մասնագետները պայքարում են հնգյակի վիճակի բարելավման համար. ԱՆ

05.05.2017, 12:17
Հնգյակից «Մուրացանի» հիվանդանոցում բուժվող տղայի և ամենից ցածր քաշով ծնված աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Մասնագետները պայքարում են հնգյակի վիճակի բարելավման համար. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր առավոտյան կատարված համայցերի արդյունքներով մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակի առողջական վիճակի մասին ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» և«Էրեբունի»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։

Նրանցից մեկը դեռ ծնվելու օրից սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ Մյուս երկուսին ևս նախապատրաստում են ինքնուրույն շնչառությամբ «ՍԻՊԱՊ» (SIPAP) համակարգին միացնելու համար։

Հաղորդագրության համաձայն, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու փոքրիկի (տղայի և ամենից ցածր քաշով ծնված աղջկա) վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

«Մասնագետների կողմից գիշեր ու զօր ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները փոքրիկների վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար», - հայտնում է գերատեսչությունից։

Հինգ նորածինների առողջական վիճակը և բուժման ընթացքը գտնվում է ինչպես մասնագետների, այնպես էլ` առողջապահության նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում։

«Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկներն ստացել են կենսական անհրաժեշտության սուրվանտա դեղը, որը ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով։ Հնգյակի բուժման ընթացքում որևէ խնդիր առաջանալու դեպքում նախարարությունը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել», - նշվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ -0-