ԿԸՀ–ն հրապարակել է հանրաքվեի նախնական արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկուշաբթի առավոտյան կազմակերպված արտահերթ նիստի ժամանակ հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախնական տվյալները։
Հայաստանում դեկտեմբերի 6–ին բացված 1997 ընտրատեղամասերում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։
ԿԸՀ–ի տվյալների համաձայն` բարեփոխումներին կողմ է քվեարկել 825 851 ընտրող, դեմ` 421 600–ը։ Քվեարկությանը մասնակցել է 1 303 466 ընտրող, այդ թվում` 189 230–ը ID քարտերով։
Ընտրական հանձնաժողովներում մարվել է 1 330 954 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 53 332 քվեաթերթիկ։
Միաժամանակ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ԿԸՀ–ի տվյալներով, կազմել է 2 567 047։ Քվեարկության համար ընտրատեղամասերին տրամադրված քվեաթերթիկների թիվը կազմել է 2 640 000։
Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։
ԱՊՀ ՄԽՎ առաքելություն. հանրաքվեն Հայաստանում անցել է միջազգային նորմերին համապատասխան>>
Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։
Նոր Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։
Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների ձայների ¾–ով, իսկ եթե դա չհաջողվի, ապա նշաձողն իջեցվում է մինչև 3/5։ Եթե այս դեպքում ևս ընտրություններն արդյունքի չհանգեցրին, ապա նախագահը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։
Ըստ փաստաթղթի` գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը` սեփական ծրագրի հիման վրա։ Կառավարությունը նաև ղեկավարում է պետական կառավարման համակարգը։
Նոր նախագծով` նախագահը վարչապետի պաշտոնում նշանակում է խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության կամ դաշինքի թեկնածուներից մեկին։-0-