Հայաստանը թվային դիվանագիտության վարկանիշում գերազանցում է Ադրբեջանին և Վրաստանին

03.05.2016, 17:46
Հայաստանը զբաղեցնում է 52-րդ տեղը Թվային դիվանագիտության 2016թ.-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում`տարածաշրջանում առաջ անցնելով Վրաստանից, Ադրբեջանից և Իրանից:
Հայաստանը թվային դիվանագիտության վարկանիշում գերազանցում է Ադրբեջանին և Վրաստանին

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը զբաղեցնում է 52-րդ տեղը Թվային դիվանագիտության 2016թ.-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (Digital Diplomacy Rating – 2016)`տարածաշրջանում առաջ անցնելով Վրաստանից (65-րդ տեղ), Ադրբեջանից (73) և Իրանից (112), հաղորդում է telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալը։ 

Հետխորհրդային երկրների շրջանում (չհաշված մերձբալթյան երկրները) Հայաստանը զիջում է միայն Ռուսաստանին` 4-րդ տեղ, և Ուկրաինային` 11-րդ տեղ: Թուրքիան վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 25-րդ տեղը:

Առաջատար եռյակում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն:

Դիվանագիտական նպատակներին հասնելու համար նորագույն տեխնոլոգիաների և ինտերնետի օգտագործման գնահատման արդյունքները ներկայացված են Digital Diplomacy կայքում: Վարկանիշային աղյուսակը ներառում է 210 արտաքին գործերի նախարարություն, 33 սոցիալական ցանցում ներկայացված 1098 թվային աղբյուր և այլ ցուցանիշներ:

Թվային (էլեկտրոնային) դիվանագիտությունը («digital diplomacy», e-diplomacy) ինտերնետի և տեղեկատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների հնարավորությունների օգտագործումն է` դիվանագիտական խնդիրների լուծման համար: Թվային դիվանագիտության շրջանակում կիրառվում են նոր մեդիաներ, բլոգեր և նմանատիպ այլ մեդիա հարթակներ: -0-