Հայաստանում կստեղծվի բժշկական հաշտարարի ինստիտուտ. փոխնախարար

07.11.2016, 15:37
Հայաստանում կներդրվի բժշկական հաստատությունների կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ բողոքների դիտարկման երկաստիճան համակարգ:
Հայաստանում կստեղծվի բժշկական հաշտարարի ինստիտուտ. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կներդրվի բժշկական հաշտարարի ինստիտուտ, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը:

«Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումներից մեկը, որ մենք սկսում ենք, բժշկական հաստատությունների կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ բողոքների դիտարկման երկաստիճան համակարգի ներդրումն է», - ասաց Մարգարյանը:

Նրա խոսքով, մինչ այս խնդիրների առաջացման դեպքում հիվանդները դիմում էին այն բժշկական հաստատությունների վարչություններ, որոնց ծառայությունների որակից դժգոհ էին: Այն դեպքերում, երբ բողոքները չէին բավարարվում, նրանք դիմում էին դատարան:

«Հաշտարարի համակարգի ներդրումից հետո դժգոհ քաղաքացիները կդիմեն նրան: Նրա աշխատանքի մեխանիզմը կլինի նույնը, ինչ ֆինանսական հաշտարարի գործունեության սկզբունքները», - ասաց Մարգարյանը: -0-