Հայաստանում երկու ժամկետային զինծառայողներ են մահացել. կան ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանի մահվան հանգամանքները, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քրեական գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է։
Նախնական քննության տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Բարեյանը խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը: Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Հ.Բարեյանը ձերբակալվել է:
Բացի այդ, առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Աղաբեկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, N զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պ.Եգորյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգից կրակոց է արձակել, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտյուշի Աղաբեկյանը կրծքավանդակի աջ կեսի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում։ Պ.Եգորյանը ձերբակալվել է: Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: –0–