Հայաստանում անօրինական հարստացած պաշտոնյաներին բանտ են նստեցնելու

15.12.2016, 15:53
ՀՀ ազգային ժողովը հինգշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքի լրացումները, որոնք նախատեսում են պաշտոնյաների անօրինական հարստացման քրեականացում:
Հայաստանում անօրինական հարստացած պաշտոնյաներին բանտ են նստեցնելու
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային ժողովը հինգշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքի լրացումները, որոնք նախատեսում են պաշտոնյաների անօրինական հարստացման քրեականացում:

Մասնավորապես, լրացումները նախատեսում են 5 մլն դրամից ավել (շուրջ 10 հազար դոլար) գումարի չափով անօրինական հարստացած պաշտոնյաների նկատմամբ կիրառել պատժամիջոց:

Ներկայացնելով լրացումները` ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ 5 միլիոնը միջինացված վերին շեմն է, սակայն մեկ միլիոն դրամից ավել գումարով հարստացումն արդեն իսկ պաշտոնյայի նկատմամբ ուշադրություն կգրավի:

«Անօրինական կհամարվի օրինական եկամուտները զգալիորեն գերազանցող և պատշաճ ձևով չփաստարկված հարստացումը», - ասաց Հովհաննիսյանը:

Բացի այդ, 2 միլոնը գերազանցող մուտքերի և փոխառությունների բոլոր գործարքները իրականացվելու են պաշտոնյաների կողմից անկանխիկ ճանապարհով: «Դա հնարավորություն կտա բարձրացնել բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների թափանցիկությունը», - նշեց Հովհաննիսյանը:

Օրինագծի համաձայն` անօրինական հարստացումը պատժվում է 3-6 տարի ազատազրկմամբ` մի շարք պաշտոններ զբաղեցնելու արգելքով և սեփականության բռնագրավվմամբ: Օրինագիծը առաջարկվում է ուժի մեջ դնել 2017 թ.-ի հուլիսի 1-ից:

«Ամենավիճահարույցը ապացույցների և անմեղության կանխավարկածի պահպանման հետ կապված հարցերն են: Լիազոր մարմինները պետք է ապացուցեն անօրինական հարստացման փաստը, որից հետո պաշտոնյանին հնարավորություն կտրվի ներկայացնեկ սեփական փաստարկները: Եթե դա տեղի չունենա, ապա կհարուցվի քրեական գործ», - ասաց Հովհաննիսյանը:

Նա ավելացրեց, որ հետադարձ կիրառման ուժ օրենքը չի ունենա, քանի որ դա հակասում է Սահմանադրությանը: Փոփոխոխությունները նախատեսում են պաշտոնյաների կողմից իրենց եկամուտների պարտադիր հայտարարագրում:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ օրենսդրական նմանատիպ փոփոխությունների անհրաժեշտության պահն արդեն հասունացել է:

«Հայաստանի իշխանություններն օժտված են քաղաքական կամքով` անօրինական հարստացման դեմ պայքարելու համար: Կարևոր է, որպեսզի այդ բարեփոխումը օրենսդրորեն կանխի բոլոր հնարավոր չարաշահումները: Ես նույնպես մաքսիմալիստ եմ այդ հարցում, սակայն մարաթոնյան վազքը սկսվում է մեկնարկից: Այդ բարեփոխումները պետք է շարունակություն ունենան, այլ ոչ թե դառնան քաղաքական հետապնդումների մահակ», - ասաց Շարմազանովը: -0-