Հայաստանում աճել է թմրամոլների թիվը

26.06.2019, 16:01
Հայաստանում աճել է թմրամոլների թիվը:
Հայաստանում աճել է թմրամոլների թիվը

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում վերջին մեկ տարում հաշվառված թմրամոլների թիվը աճել է 6%-ով:

Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է երկրում թմրամոլության հետ կապված վիճակագրությունը:

«Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 6951, նախորդ տարվա 6544-ի համեմատությամբ (6 % աճ), որոնցից 116-ը կանայք, ափիոնային թմրամոլները՝ 2552, որոնցից կանայք՝ 42, կանաբինոիդային թմրամոլները՝ 4394, որոնցից կանայք՝ 74, 5-ը՝ կոկաինային թմրամոլներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Հաշվառվածներից 64%-ը՝ 28-49 տարեկան են, 19,5%-ը՝ 50-64 տարեկան, 18%-ը՝ 19-27 տարեկան, 65 և բարձր տարիքի 68 անձ, 18 տարեկան՝ 11 անձ, մինչև 16-17 տարեկան՝ 5 անձ:

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ տարածվածությամբ 1-ին տեղում Երևանն է՝ 3645 կամ 52%, 2-րդը Արմավիրի մարզն է՝ 805 կամ 12% և 3-րդը Կոտայքի մարզն է՝ 685 կամ 10%:-0-