Հայաստանի ճանապարհային ոստիկանության բոլոր աշխատակիցների համազգեստի վրա դյուրակիր տեսախցիկներ են գործում

28.10.2016, 19:17
Քանի որ ներկայումս ողջ գործընթացը տեսաձայնագրվում է, ճանապարհային ոստիկանը կարող է իրավախախտումն արձանագրելուց հետո տեղում գանձել նշանակված տուգանքը:
Հայաստանի ճանապարհային ոստիկանության բոլոր աշխատակիցների համազգեստի վրա դյուրակիր տեսախցիկներ են գործում
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանության անձնակազմի հանդերձավորումը դյուրակիր տեսախցիկներով իրականացվել է ողջ ծավալով, և ծառայության ընթացքում բոլոր ճանապարհային ոստիկաններն արդեն համազգեստի վրա այդպիսի տեսախցիկ են կրում, Facebook սոցցանցի իր էջում հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Ծառայության նման տեխնիկական հագեցումը թույլ է տալիս տեղում տուգանել ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներին, ինչը ժամանակին կասեցվել էր՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նկատառումով», – նշվում է Ահարոնյանի հայտարարության մեջ։

Նրա խոսքով`քանի որ ներկայումս ողջ գործընթացը տեսաձայնագրվում է, ճանապարհային ոստիկանը կարող է իրավախախտումն արձանագրելուց հետո տեղում գանձել նշանակված տուգանքը:

Նա նաև հիշեցնում է, որ դյուրակիր խցիկներով արված տեսաձայնագրությունը պահպանվում է 48 ժամ։

«Ուստի քաղաքացիներին խնդրում ենք ճանապարհային ոստիկանի գործողությունների հետ անհամաձայնության դեպքում հնարավորինս արագ տեղեկացնել այդ մասին», – նշվում է ոստիկանության հայտարարության մեջ։ –0–