ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է հայրենական ռազմաարդյունաբերական համալիրի նորույթներին

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ուրբաթ աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում, ինչպես նաև ձեռնարկություններից մեկում մասնակցել է նոր արտադրամասի բացմանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շարունակականության ապահովումը պաշտպանական համակարգի բարեփոխումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է:
Այս առումով վերջին տարիներին ակնհայտ են ռազմաքաղաքական ղեկավարության՝ զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելու գործընթացին միտված քայլերն և այդ ուղղությամբ մշտական հետևողականությունը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ կատարած շրջայցը այդ համատեքստում է:
Այցի ընթացքում ոլորտի պատասխանատուների և մասնագետների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ձեռնարկությունների տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրատեսակների նմուշներին, դրանց պատրաստման, նորոգման ու արդիականացման աշխատանքներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների թողարկած նոր արտադրատեսակները, առաջիկա ծրագրերն ու աշխատանքային հիմնական ուղղությունները:
Դիտարկելով ընթացող աշխատանքները և զինված ուժերի կարողությունների առավել բարձրացման համատեքստում կարևորելով ռազմարդյունաբերական համալիրի հետագա զարգացման գործընթացը՝ պաշտպանության նախարարը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–