ՀՀ նախագահ. Հայաստանը նախատեսում է ավելացնել «կանաչ» էներգետիկայի մասնաբաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում

25.01.2017, 14:57
Հայաստանում նախատեսվում է զգալիորեն ավելացնել «կանաչ» էներգետիկայի մասնաբաժինը, ասաց ՀՀ նախագահը չորեքշաբթի «Էներգետիկայի շաբաթ 2017»-ի բացման ժամանակ:
ՀՀ նախագահ. Հայաստանը նախատեսում է ավելացնել «կանաչ» էներգետիկայի մասնաբաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նախատեսվում է զգալիորեն ավելացնել «կանաչ» էներգետիկայի մասնաբաժինը, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի «Էներգետիկայի շաբաթ 2017»-ի բացման ժամանակ:

«Էներգետիկայի շաբաթ 2017»-ը և դրա շրջանակում կազմակերպված Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովն անցկացվում են Հայաստանում հունվարի 25-27-ը:

«Առաջիկա մի քանի տարում մենք նախատեսում ենք զգալիորեն մեծացնել վերարտադրվող էներգետիկայի մասնաբաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում` արևային, հողմային և երկրաջերմային կայանների կառուցման միջոցով: Այս համաժողովը կարող է հիանալի հարթակ դառնալ վերարտադրվող էներգետիկայի ոլորտում զարգացումների և ներդրումային հնարավորությունների քննարկման համար», - ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով, երկարաժամկետ հեռանկարում «կանաչ» սկզբունքների վրա հիմնված տնտեսությունը ավելի հեռանկարային է և կայուն: Հենց այդ պատճառով էլ այդ ոլորտի ռազմավարության զարգացման համատեքստում կարևորվում է վերարտադրվող էներգետիկայի զարգացումը։

«Բազմաթիվ գիտական հետազոտությունների արդյունքների համաձայն, Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ: Ներդրողների համար գրավիչ դաշտ ստեղծելու համար վերջերս համաշխարհային լավագույն փորձի օգտագործմամբ իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ», - ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ վերջին տարիներին 80 տոկոսով նվազել է արևային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիաների արժեքը: Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է մրցունակ սակագին ստանալ արևային կայանների համար, ինչը թույլ կտա բացառել բացասական ազդեցությունները վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի վրա:

«Այսպիսով, համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար հնարավորություններ են ստեղծվում մասնակցելու Հայաստանում իրականացվող մրցույթներին և կառուցելու մեծ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ», - ասաց Սարգսյանը: -0-