ՀՀ նախագահը ներկայացրել է տարկետման իրավունքի մասին օրենքի փոփոխությունների դրական կողմերը

15.12.2017, 00:32
Տարկետումը չեղյալ չի համարվել, փոխվել է միայն տարկետման տեսակը, հայտարարել է ՀՀ նախագահը։
ՀՀ նախագահը ներկայացրել է տարկետման իրավունքի մասին օրենքի փոփոխությունների դրական կողմերը

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տարկետումը չեղյալ չի համարվել, փոխվել է միայն տարկետման տեսակը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքը։

ՀՀ ԱԺ–ն նոյեմբերի 15–ին նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը։ ՀՀ նախագահն օրենքը ստորագրեց նոյեմբերի 29–ին։ Օրենքով նախատեսվում է չեղյալ հայտարարել տարկետումը բուհերում պետպատվերով սովորող ուսանողների համար։  Օրինագիծը մշակման և քննարկման փուլում առաջացրել էր հասարակական բողոքի մեծ ալիք. մեկ շաբաթ շարունակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները կազմակերպում էին բողոքի ակցիաներ և բոյկոտում դասերը։

«Բանակից տարկետումը չեղյալ չի հայտարարվել, և նոր օրենքով կառավարությունը տարկետում կարող է տրամադրել իսկապես տաղանդավոր երիտասարդներին, որոնք իրենց ապագան տեսնում են գիտության մեջ և կարող են օգուտ բերել մեր երկրին»,  – հայտարարել է ՀՀ նախագահը։

Սերժ Սարգսյանը նաև նշեց, որ նոր օրենքը նախատեսում է նաև տարկետման այլ տարբերակ։

«Նոր օրենքը տարկետում է տրամադրում բոլոր նրանց, ովքեր պայմանագիր կստորագրեն Պաշտպանության նախարարության հետ, և ուսումից հետո, որը կվճարի պաշտպանական գերատեսչությունը, նրանք պայմանագրային ծառայություն կանցնեն։ Այս կետը լուծում է նաև սոցիալական արդարության խնդիրը և հնարավորություն է տալիս սոցիալական բոլոր խավի երեխաներին ստանալ այն կրթությունը, որը ցանկանում են և չմտածել ուսման վարձի մասին», – հայտարարել է Սարգսյանը։

Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։–0–