ՀՀ նախագահը ներկայացրեց սեփական ծրագրերն ու ապագա կառավարության տեսլականը

15.12.2017, 01:21
Սերժ Սարգսյանը ներկայացրել է ապագա կառավարության ու իր հետագա գործունեության տեսլականը։
 ՀՀ նախագահը ներկայացրեց սեփական ծրագրերն ու ապագա կառավարության տեսլականը
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ներկայացրել է ապագա կառավարության ու իր հետագա գործունեության տեսլականը։

«Ես և իմ գործընկերները գտնվում ենք մշտական որոնման մեջ։ Նշված ժամկետներում կլինեն նշանակումներ բոլոր պաշտոններում։ Երբ խոսքը կոնկրետ թեկնածությունների մասին, է ապա, միգուցե, դա ճիշտ է. մարդիկ իրավունք ունեն կանխատեսումներ անել։ Սակայն ոչ մի կառավարություն ոչ մի երկրում նախօրոք նման հայտարարություններ չի անում։ Սխալ մոտեցում է նախօրոք հայտարարել նշանակումների մասին», – ասել է նա։

Միաժամանակ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած կառույց, այդ թվում` պետական գերատեսչությունները, պետք է թարմացվեն, և լճացումն անթույլատրելի է, «սակայն թարմացումը պետք է համադրվի փորձի հետ»։

Պատասխանելով այն հարցին, թե նա ինչո՞վ է զբաղվելու իր լիազորությունների ժամկետի լրանալուց հետո` ՀՀ նախագահը նշել է, որ այդ հարցին պատասխանելու ժամանակը դեռ չի եղել, և երբ այն գա, նա կհայտարարի այդ մասին։

«Դա պայմանավորված է տարբեր գործոններով, այդ թվում` անձնական և այլն։ Կարծում եմ, որ մենք վերջիվերջո իրավունք ունենք որոշելու, ի նկատի ունեմ Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկերոջ հետ, թե ով և որտեղ կարող է աշխատել ավելի արդյունավետ», – ասել է նա։

Սարգսյանի կարծիքով, մարդը պետք է մինչև վերջ բարեխղճորեն կատարի իր պարտականությունները, որոնք կամավոր վերցրել է իր վրա։

«Վերջիվերջո, ինձ ոչ ոք չի ստիպել մասնակցել նախագահական ընտրություններին և դառնալ ՀՀ նախագահ։ Եվ եթե ես կամավոր կերպով իմ վրա եմ վերցրել պարտավորությունները, ապա պետք է պատրաստ լինեմ, և ես իսկապես պատրաստ եմ մինչև վերջին վայրկրյանը կատարել դրանք։ Հետո կերևա, թե որ ոլորտում կկարողանամ օգտակար լինել։ Ես անկեղծ եմ ասում` ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կլինի», – ընդգծել է նա։

Խոսելով 2018 թ.–ի ապրիլից հետո վարչապետի պաշտոնում աշխատանքը շարունակելու` Կարեն Կարապետյանի ցանկության մասին` ՀՀ նախագահը նշել է, որ դա շատ լավ ցանկություն է` «առողջ, տրամաբանական»։

«Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը որպես մարդ և որպես վարչապետ մեզ համար օգտակար է և ընդունելի, ի նկատի ունեմ ինձ և կուսակցության համար։ Կգա ժամանակը, և մենք հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին», – ասել է նա։

2015 թ.–ի դեկտեմբերի 6–ին ընդունված նոր Սահմանադրության համաձայն, երկիրն անցնում է խորհրդարանական իշխանավարման, հետևաբար նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Գործող նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է 2018 թ.–ի ապրիլին։–0–