ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ստեղծման մրցույթ

08.02.2016, 11:34
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի  և կարգախոսի մրցույթ:
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ստեղծման մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի (լոգոյի) և կարգախոսի մրցույթ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով, որը պետք է լինի գունավոր և սև-սպիտակ տարբերակներով, ներկայացվի` էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև 50x60 սմ ստվարաթղթի վրա: Խրախուսվում է նույն խորհրդանիշի տարբերակների ներկայացումը տարբեր ձևաչափերով (ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն)՝ կարգախոսի օգտագործմամբ:

Առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական խորհրդանիշը և կարգախոսը:

Ըստ հաղորդագրության` լավագույն աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր (500.000 դրամ) և մեկ խրախուսական (350.000 դրամ) մրցանակներ:

Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել ծածկագրի նշագրումով: Ներկայացված աշխատանքին կցվում է փակ ծրար` նույն ծածկագրի նշագրումով: Փակ ծրարի ներսում պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն և հեռախոսահամարը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մրցույթի մասնակիցը կամ նրա լիազորված անձը հայտը հանձնելիս ստանում է ստացական՝ հանձնված աշխատանքների քանակի, ձևի, կրիչի և փակ ծրարի մասին տեղեկույթով: Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն:

Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ. մարտի 10-ը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնում։–0–