«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն ավանդաբար նշում է իր մասնագիտական տոնը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական դիվերսիֆիկացված ընկերությունների միջազգային խումբը կազմակերպել էր տոնական մի շարք միջոցառումներ «Լեռնագործի և մետաղագործի» մասնագիտական տոնի առթիվ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հուլիսի 13-14-ը Վարդենիս, Արարատ և Ագարակ քաղաքներում (որտեղ ընկերությունն իրականացնում է իր գործունեությունը) տեղի ունեցան պարգևատրման արարողություններ. լավագույն աշխատողներին հանձնվեցին շնորհակալագրեր և մրցանակներ։ Ընկերության մի քանի աշխատողներ պարգևատրվեցին նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության շնորհակալագրերով և Հայաստանի լեռնագործների և մետաղագործների միության հուշամեդալներով։
Փառատոնի շրջանակում նշված քաղաքներում կազմակերպվել էին մանկական զվարճալի ծրագրեր, որտեղ ելույթներ ունեցան տեղական դպրոցների վոկալ և պարային համույթները, իսկ գեղարվեստական դպրոցների սաները «Իմ հայրենիքը» թեմայով նկարներ էին ցուցադրել։ Միջոցառումները եզրափակվեցին հայկական էստրադայի աստղերի, թատրոնի դերասանների ելույթներով: Ուշ երեկոյան տրվեց նաև տոնական ու շքեղ հրավառություն։
«Հանքագործի և մետաղագործի տոնը» նշելը «ԳեոՊրոՄայնինգ» համար բարի ավանդույթ է դարձել։ Ցանկանում եմ շնորհավորել մեր ընկերության ողջ անձնակազմին, ինչպես նաև աշխատանքի վետերաններին մասնագիտական տոնի առթիվ։ Մեր ընկերության ձեռնարկությունների գլխավոր արժեքը, անշուշտ, մեր աշխատողներն են, մարդիկ, ովքեր ունեն աշխատանքային տոկունություն և համբերություն, իրենց գործի իսկական պրոֆեսիոնալներ են, որոնք սերնդե- սերունդ փոխանցում են իրենց վարպետությունը, սերը և նվիրվածությունը` ընտրած մասնագիտության հանդեպ։ Հարգելի բարեկամներ, Ձեր մասնագիտական տոնի առթիվ ես ամբողջ հոգով ցանկանում եմ Ձեզ նոր աշխատանքային վերելքներ և պողպատի պես ամուր առողջություն, իսկ մեր ձեռնարկություններին՝ փայլուն հեռանկարներ և սրընթաց զարգացում»,- իր շնորհավորական խոսքում ասել է ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգգոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։
Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։–0–