ԵԼՔ–ը ստորագրահավաք է կազմակերպում վարչապետի պաշտոնում Փաշինյանին առաջադրելու համար. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը ԱԺ պատգամավորների ստորագրահավաք է կազմակերպել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին առաջադրելու համար։ Այս մասին հինգշաբթի ԱԺ–ում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԺ–ն մայիսի 1–ի հատուկ նիստում մերժեց Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Հաջորդ օրը ՀՀԿ խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ մայիսի 8–ին նախատեսված վարչապետի ընտրություններում կսատարի պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին։ Իսկ «Ծառուկյան» դաշինքն իր հերթին հայտարարեց, որ ընտրություններին կաջակցի ժողովրդի թեկնածուին։
«Ստորագրահավաքն ընթանում է բուռն թափով և վստահ եմ, որ օրենքով նախատեսված ժամկետում կանենք դա», – հայտարարեց Միրզոյանը։
Նա նաև նշեց, որ պատգամավորների 1/3–ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու մասին ՀՀԿ–ի` նախօրեին արված որոշումը պայմանավորված է հասարակական ճնշմամբ։
«Նախօրեին իշխանության և ՀՀԿ–ի վրա գործադրվեց հսկայական հասարակական ճնշում։ Դա հանգեցրեց նրան, որ ՀԿԿ–ն հայտարարեց ժողովրդի թեկնածուին աջակցելու պատրաստակամության մասին։ Ինչպես նախօրեին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, դա հայ ժողովրդի անվերապահ հաղթանակն է», – ասաց Միրզոյանը։–0–