Դիլիջանում մոտ մեկ ամիս կայանած մեքենայում զենք է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Մյասնիկյան փողոցում մոտ մեկ ամիս կլինի ինչ կասկածելի մեքենա է կայանված։Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը զննել է սպիտակ «Ժիգուլին»։ Մեքենայի սրահում հայտնաբերվել է գործարանային համարով ինքնաձիգ, որը նախատեսված է 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Հայտնաբերվել է նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված դարձյալ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով։
«Պարզվել է, որ մեքենայի համարանիշերը գողացված են, իսկ թափքի և շարժիչի նույնականացման համարները՝ ոչնչացված։ «ՎԱԶ 2107»-ը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեքենայատիրոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։ Հանգամանքները պարզվում են։-0-