Աղվան Հովսեփյանը հարցումներ է ուղարկել ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներին` Արթուր Սարգսյանի մահվան առնչությամբ

18.03.2017, 11:25
Բացի այդ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներից առգրավվել են նրա առողջական վիճակի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը։
Աղվան Հովսեփյանը հարցումներ է ուղարկել ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներին` Արթուր Սարգսյանի մահվան առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառը, առողջական վիճակի վատթարացմանը նպաստող պայմանները պարզելու համար, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մարտի 16-ին «Արմենիա» ԲԿ–ում մահացել է 2016 թվականի ամռանը Երևանում ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած զինված խմբի անդամներին «հաց բերող» 49-ամյա Արթուր Սարգսյանը, ում մեղադրում էին հանցագործությանն օժանդակելու մեջ:

Հաղորդման համաձայն, քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ առավել օբյեկտիվ և սպառիչ եզրակացություն ստանալու համար «Արմենիա» բժշկական կենտրոնից, «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներից առգրավվել են նրա առողջական վիճակի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը։

Նախաքննության շրջանակում ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը նախօրեին գրություններ է ուղարկել նաև ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել Ա.Սարգսյանի՝ ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին մասնակցության, այդ ընթացքում վիրավորվելու կամ բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաև՝ ՀՀ-ում գործող քաղաքացիական այլ բժշկական հաստատություններ դիմելու և բուժօգնություն ստանալու վերաբերյալ, իսկ այդպիսիք առկայության դեպքում՝ նշված փաստաթղթերի պատճենները տրամադրել վարույթն իրականացնող մարմնին։

Ա.Սարգսյանի մահվան դեպքի առթիվ Ա.ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննության ընթացքի և արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի։ -0-