ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկաններին հաջողվել է պարզել Արմավիրի մարզում երիտասարդի սպանության մեջ կասկածվող անձանց ինքնությունը։
Հունվարի 6–ին ժամը 00։40–ի սահմաններում կրակոցներ են հնչել Երևան–Էջմիածին ավտոճանապարհին գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին։
Հրազենային վնասվածքների հետևանքով մահացել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Կարապետյանը: Իսկ Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանը ձախ ազդրի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ և 1 գնդակ:
Մեկ մարդ է մահացել ԱԺ պատգամավորին պատկանող ռեստորանում հնչած կրակոցների հետևանքով>>
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը՝ 1984 թ. ծնված Արթուր Բաբայան, 1973 թ. ծնված Արմեն Պառավյան, 1984 թ. ծնված Խորեն Խաչիկյան։Պարզվել է նաև, որ ռեստորանային համալիրում կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որի ժամանակ Ա. Բաբայանն իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանությանն ու ծեծկռտուքին մասնակցել են ևս երկու անձինք, որոնց ինքնությունը պարզելու և հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:-0-