ԱԻՆ–ը ստուգայց է կատարել «Դալմա մոլ» –ում

10.04.2018, 20:40
ԱԻՆ աշխատակիցները ստուգայց կատարեցին «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում։
ԱԻՆ–ը ստուգայց  է կատարել «Դալմա մոլ» –ում

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/.Ապրիլի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ու փրկարար ծառայության աշխատակիցները հանդիպեցին «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի տնօրինության հետ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հանդիպման նպատակն էր նախևառաջ տնօրինությանը հանձնել օրերս առևտրի կենտրոնում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության վերաբերյալ կարգադրագրերը, որոնցում նշված են առկա թերությունները և դրանք վերացնելու ժամկետները:

ՓԾ ներկայացուցիչների հետ քննարկվել են առևտրի տան հրդեհաշիջման օպերատիվ պլանների լրամշակման և հետագայում առևտրի կենտրոնում թեմատիկ ուսումնավարժությունների անցկացման հետ կապված հարցերը:

Միևնույն ժամանակ, ընդառաջելով առևտրի կենտրոնի ղեկավարության դիմում-հայտին, ԱԻ նախարարության նախաձեռնությամբ առևտրի կենտրոն էին հրավիրվել նաև շուկայի վերահսկողության և առողջապահության տեսչական մարմինները՝ ոլորտային ստուգումներ և հետազոտություններ կատարելու համար:

Լրագրողների հետ զրույցում ԱԻՆ հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժին պետ Ս. Հայրապետյանը ընդգծել է տնտեսվարողների շրջանում սեփական նախաձեռնությամբ հակահրդեհային միջոցառումներ իրականացնելու մշակույթի և գիտակցության ձևավորման կարևորությունը՝ նշելով, որ բազմաթիվ ընկերություններից հրդեհատեխնիկական հետազոտություններ իրականացնելու դիմումներ են ստացվել:

«Բազմաթիվ դիմումներ ենք ստանում նաև ՀՀ տարբեր մարզերից՝ աջակցելու, համապատասխան հրահանգավորումներ տալու և թեմատիկ ուսումնավարժություններ կազմակերպելու վերաբերյալ: Ընդգծեմ, որ արդեն հետազոտություններ են իրականացվել հանրապետության բոլոր մարզերում, որտեղ տնտեսվարողներին հանձնվել է շուրջ 30 կարգադրագիր»,– նշել է Հայրապետյանը:

Գերատեսչության հաղորդմամբ, շարունակվում են ստուգումներ և հետազոտություններ իրականացվել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից տնտեսվարողներին հանձնված թերությունների վերացման վերաբերյալ կարգադրագրերում նշված ժամկետների ավարտին կիրականացվի կրկնակի ստուգայց, կարգադրագրերում նշված թերությունները վերացրած չլինելու դեպքում տվյալ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի:–0–