Նախատեսվում էր ձեռք բերել 2500 անօդաչու. Սարգսյանը պատասխանել է գործող իշխանությունների մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է գործող իշխանությունների մեղադրանքներին այն մասին, որ իր կառավարման ժամանակ հայկական բանակը բավարար չափով սպառազինված չէր։
«Ես դա չեմ կարող հերքել, որովհետև ինչքան շատ ունենայինք, այդքան լավ, բայց ես հերքում եմ այն տխմար թեզը, թե իբր մինչև 2018 թվականը մեր բանակը մարտունակ չէր, սպառազինություն չուներ և այլն, զինվորը ելակ չէր ուտում։ Բա եթե մենք բանակ չունեինք, ապա ինչպես 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, կարելի է ասել, պարտադրեցինք Ադրբեջանին, որ հրադադար հաստատի, բա եթե մենք ընդհանրապես բանակ չունեինք, ոչինչ չունեինք, ինչո՞ւ մինչ 2016-ը, 2017-ին, 2018-ին Ադրբեջանը պատերազմ չէր սկսում», – ասել է նա։
Նրա խոսքով, իրականությանը համապատասխանում է հետևյալը, որ «մենք երբեք Ադրբեջանից շատ և ավելի ժամանակակից զինատեսակներ չենք ունեցել»:
«Բայց առաջին երկու դեպքերում դա մեզ չի խանգարել հաղթել, որովհետև... չասեմ պատճառները: Որովհետև խնդրով զբաղվել են նվիրված, գիտակ մարդիկ, և մարդիկ, որոնք անմնացորդ նվիրված են եղել այդ գործին։ Ապրիլյան պատերազմից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, Ապրիլյան պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև ցանկացած բարեփոխում բանակում, ցանկացած նոր սպառազինությունների ձեռքբերում պետք է պայմանավորված լինի ռազմական գործողությունների արդյունքով և քո հակառակորդի կողմից կիրառված զինամթերքով ու նորարարությամբ», – ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ հաստատվել էր 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ։
«Այդ պլանի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար, և այդ միջոցների աղբյուրները հստակորեն կային, 100 մլն-ը վարկային միջոցներով էին՝ յուրաքանչյուր տարի, 100 մլն-ը՝ այլ բյուջետային միջոցներ: 2018-2020 թվականների համար նախատեսված էր կեսից ավելին, ընդ որում՝ 1 մլրդ 300 մլն դոլարից 500 մլն-ից ավելին նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար: Մի թիվ ասեմ. նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք», – նշել է Սարգսյանը:
Միաժամանակ նա նպատակահարմար չի համարել նշել, թե ով երկրներից էր նախատեսվում ձեռք բերել անօդաչուները։
«2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, ընդ որում, այդ սարքերը և՛ հարվածային էին, և՛ հետախուզական, և՛ կախված արժեքից՝ 5-150 կմ շառավղով գործելու ունակ էին լինելու։ Բայց այդ գործարքները տեղի չունեցան։ Սպառազինությունների պլանը փոխվեց», – ասել է Սարգսյանը։
Սարգսյանը, նշելով, որ հստակ տեղեկացված չէ փոփոխությունների մասին, ընդգծել է, որ «ՏՈՌ» համալիրների երեք խմբաքանակի փոխարեն Հայաստանը ստացավ միայն մեկ խմբաքանակ, այն էլ իր կառավարման ժամանակ ստորագրված պայմանագրով։
««ՍՈւ 30»–ը թռավ մեկ անգամ Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ, այն էլ... ուղղակի ամեն ինչ ասել են տալիս, թռավ այնպիսի ապաշնորհ ձևով, որ ստիպված եմ եղել խնդրել իմ գործընկերներից մեկին, որպեսզի զանգի ՊՆ և ասի՝ այդ հիմարությունը մի արեք, մենք տեսնում ենք, որ այդ ինքնաթիռը առանց սպառազինության է թռնում, առանց սպառազինության ո՞ւր եք թռնում», – ասել է Սարգսյանը։–0–