Մեծամորի հնավայրից պեղվել է 137 կտոր ոսկի, որոնք թվագրվում են մ.թ.ա. 12–11–րդ դարերով

16.05.2023, 11:42
Մեծամորի հնավայրից պեղվել է 137 կտոր ոսկի, որոնք թվագրվում են մ.թ.ա. 12–11–րդ դարերով։ Ի դեպ, Մեծամորում նմանհարուստ դամբարան առաջին անգամ են բացել
Մեծամորի հնավայրից պեղվել է 137 կտոր ոսկի, որոնք թվագրվում են մ.թ.ա. 12–11–րդ դարերով
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մեծամոր հնավայրից պեղվել է 137 կտոր ոսկի, որոնք թվագրվում են մ.թ.ա. 12–11–րդ դարերով։

Այս մասին նշվում է Հանրային առաջին ալիքի ռեպորտաժում։

Այս ծավալի ոսկի հնագետները պեղել են ընդամենը 4քմ տարածքից։ Մեծամորում նման հարուստ դամբարան առաջին անգամ են բացել։ Պեղված ոսկու ընդհանուր քաշը 100 գրամից ավել է։

«Ոսկին դամբարանում բացվել է մի քանի մեծ կուտակումներով` անհատների պարանոցների հատվածներում, ձեռքերի հատվածներում։ Ենթադրվում է, որ դրանք (զարդերը, խմբգր.) շղթաների տեսքով եղել են պարանոցներին, կրծքավանդակի հատվածում, ձեռքերին», – նշել է հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։

Գերմանիայում արված անալիզով պարզվել է, որ պեղված նյութը մ.թ.ա. 12–11–րդ դարերով է թվագրվում։ Հնագետները զարմացած են, թե ինչ վարպետությամբ են աշխատել ոսկերիչները հազարամյակներ առաջ։

Պեղված ոսկին արդեն պատրաստ է թանգարանացման, շուտով այն կհամալրի «Մեծամոր» պատմահնագիտական թանգարանի ոսկու ֆոնդը։ Առաջիկայում նոր ցուցադրությամբ բացառիկ այս գտածոները կներկայացվեն նաև հանրությանը։–0–