Հայկական դրամի 25–ամյակի կապակցությամբ ՀՀ ԿԲ–ն
որոշեց 2018 թ.–ից շրջանառության մեջ դնել նոր փողեր` երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ։ Գործող թղթադրամներն աստիճանաբար դուրս կգան շրջանառությունից` իրենց տեղը զիջելով թղթադրամների նոր սերնդին։ Եվ դրա պատճառները շատ են։
Առաջին հերթին, դա ժամանակի պահանջն է։ Աշխարհում գրանցվող տեխնոլոգիական զարգացումները զգալիորեն ազդել են նաև տպարանների վրա, ավելացել են թղթադրամների պաշտպանության և անվտանգության պահանջները։ Կոմպոզիտային թղթադրամների ներդրման հիմնական պատճառը դրանց առավելագույն պաշտպանվածությունն է դրամանենգներից։ Կոմպոզիտային թղթադրամներն արտաքինից շատ նման են սովորական թղթադրամների, սակայն դրանք ավելի ուշ են մաշվում, դժվար են պատռվում, կայուն են խոնավության և կեղտի նկատմամբ, այսինքն` ավելի երկար են ծառայում։ Դրանց «կյանքի» տևողությունը միջինը 2–4 անգամ գերազանցում է սովորական թղթադրամների տևողությանը։ Բնականաբար, կոմպոզիտային թղթադրամների արտադրությունը 30–40 տոկոսով ավելի թանկ է, քան սովորական թղթադրամների արտադրությունը։ Սակայն նման թղթադրամների թանկ լինելն արդարացված է դրանց անվտանգության բարձր մակարդակով, թղթադրամների «կյանքի» ժամկետով և վերը նշված այլ առավելություններով։ Այսպիսով, տնտեսական տեսակետից նման թղթադրամների թողարկումն ավելի շահութաբեր է։
