Երևան են տեղափոխվել Տուլայի ՃՏՊ–ի տուժածներից 32–ը, ևս 12 մարդ շարունակում է բուժումը Ռուսաստանում. Բեգլարյան
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ԱԻՆ–ի հատուկ չվերթով Երևան են տեղափոխվել Տուլայի ՃՏՊ–ի տուժածներից 32–ը, ևս 12 մարդ մնացել է Ռուսաստանում` բուժումը շարունակելու նպատակով, նրանք գտնվում են ռուս բժիշկների խիստ հսկողության ներքո, լրագրողներին հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
«Մեզ հետ եկել են տուժածներից 32–ը, նրանք, ովքեր եկել էին Հայաստանից տուժածներին խնամելու համար, ինչպես նաև այն ուղևորները, ովքեր չեն տուժել վթարի ժամանակ», – ասաց նա։
Տուլայի ՃՏՊ-ի վարորդը 2 ամսով կալանավորվել է>>
Բեգլարյանը տեղեկացրեց, որ Երևան ժամանած տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
«Զոհերի մարմինները կհանձնվեն հարազատներին ուրբաթ», – նշեց նա։
Նախարարի խոսքով` բոլոր տուժածները կստանան փոխհատուցում, որի չափը դեռևս որոշված չէ։
«ՀՀ նախագահի բոլոր հանձնարարությունները մենք կատարել ենք», – ընդգծեց նախարարը։
ՀՀ իշխանությունները կհոգան տուժածների բուժման և զոհերի հուղարկավորության ծախսերը>>
Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլա շրջանի Դոն ավտոմայրուղում, դեպի Հայաստանի Հանրապետություն ընթանալիս, վթարի է ենթարկվել ՀՀ-ում հաշվառված «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսը, որտեղ գտնվել է 63 մարդ, որոնցից երկուսը վարորդներն են եղել։ ՃՏՊ–ի հետևանքով զոհվել է ՀՀ ութ քաղաքացի, մոտ 40–ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։–0-
