ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի-Արմենիա/. Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող և վիրավորվել մեկ այլ ծառայող, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:
«Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ: Այնինչ իրականում ոչ միայն որևէ զենք չէր տեղափոխվում, այլև՝ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր: Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Կից լուսանկարներում երևում է դեպքի վայրը և վնասված դատարկ մեքենան:
Արցախի ՆԳՆ-ից ընդգծում են, որ ոստիկանության ծառայողների և հարակից դիրքում գտնվող Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում