ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել ու ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը։
Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում։
«Ու հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված պրետենզիաներ կա՞ն, համաձա՞յն են էդ տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն, պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ։ Եվ երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում`ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ո՞նց եմ պատկերացնում, ի՞նչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, էս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է գնա Facebook–ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա, ի՞նչի համար է ինքը դա անում, ինքը գիտի հարյուր տոկոսով՝ ինչ է կատարվում։ Եվ ընդ որում, երբ որ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում ու ինչ են ուզում ասել», - նշել է ՀՀ վարչապետն` ընդգծելով, որ ինքն է Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին։
«Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել ընդհանրապես՝ ինչ է բանակցվել ինձանից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք` ինչ է խոսացվել, պայմանավորվել, նրանք տեղյակ չեն եղել։ Եվ իրանք դրանից հետո նույնիսկ անձամբ գրում են, որ էս ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը հողերը...հարց է ծագում` ինչի են նման բան անում», – նշել է Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով այն հարցին, թե կարելի է ասել, որ վերացած են այդ դավադիր ուժերը` վարչապետն ընդգծեց. «Վտանգները կառավարվում են և արմատախիլ կարվեն»։–0–