ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Հունվարի 4-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00։50-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Ստեփան Իփեքչյանը հայտնել է ԱԻՆ, որ 3 հոգի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ, հարձակվել են իր վրա, իրենից գողացել 2 բջջային հեռախոս, գումար, լիցքավորիչ։
Ս. Իփեքչյանը հայտնել է, որ նրանցից մեկը եղել է դանակով զինված։ Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի բնակիչ, 31-ամյա Հայկ Խանգելդյանին, իսկ ժամեր անց ոստիկանություն է բերման ենթարկվել Վանաձոր քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ, 26-ամյա Հարություն Սագիյանը, Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Սամվել Պողոսյանը և Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գարիկ Անդրեասյանը։
Հ. Խանգելդյանը, Հ. Սագիյանը և Գ. Անդրեասյանը ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով որպես կասկածյալներ ձերբակալվել են։ Ըստ shamshyan.com-ի, նրանք եղել են Գ. Անդրեասյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայով։ Իսկ Հ. Խանգելդյանը հաշվառված է Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցում, սակայն բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։
Ըստ աղբյուրի, տուժող Ս. Իփեքչյանն աշխատում է «Թոմի Հիլֆիգեր» հագուստի խանութ-սրահում։-0-