37–ամյա երիտասարդը բենզինով այրել է ավտոպահեստամասերի խանութը՝ պատճառելով 2մլն դրամի նյութական վնաս

10.04.2024, 15:07
37–ամյա երիտասարդը բենզինով այրել է ավտոպահեստամասերի խանութը՝ պատճառելով 2մլն դրամի նյութական վնաս
37–ամյա երիտասարդը բենզինով այրել է ավտոպահեստամասերի խանութը՝ պատճառելով 2մլն դրամի նյութական վնաս
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 8-ի ժամը 17.59-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում խանութ է այրվում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Դեպքի վայր ոստիկանության Սևանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

Պարզվել է, որ նույն փողոցի բնակիչ 37-ամյա երիտասարդը ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին կոտրել և բենզինի միջոցով այրել է խանութի սրահը և այնտեղ գտնվող ավտոպահեստամասերի մի մասը՝ սեփականատիրոջը պատճառելով մոտ 2 միլիոն դրամի նյութական վնաս:
Երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: