Հանրապետության Հրապարակից Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկեց սգո երթը դեպի Եռաբլուր (ՖՈՏՈ, ՈւՂԻՂ)

19.12.2020, 13:57
Հանրապետության Հրապարակից Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկեց սգո երթը դեպի Եռաբլուր. ՖՈՏՈ, ՈւՂԻՂ
Հանրապետության Հրապարակից Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկեց սգո երթը դեպի Եռաբլուր (ՖՈՏՈ, ՈւՂԻՂ)

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում Հանրապետության հրապարակից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է սգո երթը դեպի Եռաբլուր:

Փաշինյանը կառավարության շենքից դուրս եկավ հավաքվածների մոտ, ովքեր նրան դիմավորեցին «Նիկոլ, Նիկոլ», «պարոն Վարչապետ, մենք ձեզ հետ ենք» կոչերով: Վարչապետին ուղեկցում են կառավարության անդամներ, պատգամավորներ, կուսակցականներ, այդ թվում նրա կողքին են ավագ դուստրը և որդին՝ Աշոտը:

Փաշինյանը կոչ է արել դադարեցնել կոչերն ու ծափերը՝ հայտարարելով, որ այսօրվա երթը պետք է անցնի լռության մեջ: 

Վարչապետը թիկնապահների ուղեկցությամբ անցավ ամբոխի միջով, քաղաքացիները փորձում էին հարցեր տալ նրան: Թիկնապահներն ու ինքը՝ Փաշինյանը, կոչ արեցին նրանց հանգստություն պահպանել: 

 - рис.1

Հիշեցնենք, որ զուգահեռաբար Եռաբլուրում են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ, ազատամարտիկներ և արցախյան պատերազմում զոհվածների հարազատները, ովքեր մտադիր չեն թույլ տալ վարչապետի մուտք գործել պանթեոն՝ զոհվածների գերեզմանների մոտ:

Հավաքվածները վրդովված են, որ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել իշխանությունների կողմից կազմակերպվող հիշատակի երթին, որը Հանրապետության հրապարակից մեկնարկլու է դեպի Եռաբլուր: 

 - рис.2

«Մենք չպետք է այլևս լռենք, և թույլ չենք տա, որ Նիկոլ Փաշինյանը մեզ հետ հարգի մեր զոհված երեխաների հիշատակը: Եռաբլուր նա կմտնի միայն մեր դիակների վրայով»,- ասում են զոհված զինծառայողների հարազատները: 

Մասնակիցները վճռականորեն են տրամադրված և չեն թաքցնում գործող իշխանություններից իրենց դժգոհությունը: 

Ավելի վաղ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Փաշինյանը պետք է գնա Եռաբլուր, իսկ սադրանքները պետք է մի կողմ թողնել:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտադիր պետք է գնա Եռաբլուր, և այդ քաղաքացիների սադրանքով չէ, որ պետությունը պետք է առաջնորդվի: Մենք բոլորս պետք է գնանք Եռաբլուր, և այնտեղ մեզ սպասողներ կան՝ հանձինս հանգուցյալ զինվորների: Մնացած սադրանքները թողնենք մի կողմ»,- վրդովված հայտնեց Քոչարյանը:

 - рис.3

Քոչարյանը նշել է, որ նրանք պետք է հանդարտությամբ անցկացնեն երթը և պետությունը ժողովրդի հետ միասին դա կիրականացնի:

«Մունդրիկները երեկ փորձեցին անել, չստացվեց: Եվ այսօր էլ չի ստացվելու: Հանդարտ մնացեք, որպեսզի մեր երկիրը հանդարտ ընթացքով դուրս գա այս ճգնաժամային վիճակից»,- հայտնել է նա:

Լրագրողի հարցին, թե ում նկատի ունի «մունդրիկներ» ասելով՝ Քոչարյանը նշել է. «դուք լավ գիտեք»:

Ընդդիմությունը որոշել էր անցկացնել սեփական նմանատիպ միջոցառումը մեկ օր շուտ՝ Երևանի բնակիչները նախօրեին երեկոյան ջահերի երթ են կազմակերպել դեպի Եռաբլուր՝ պատվելու Հայրենիքի համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների հիշատակը: 
Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ նահատակվածների պատերազմում, որն Ադրբեջանն ու Թուրքիան ձեռնարկել էին Արցախի ժողովրդի դեմ:-0-