Չորեքշաբթի` մայիսի 15–ի առավել ուշագրավ նորությունների հնգյակը (ՎԻԴԵՈ)
16.05.2019,
08:00
Ներկայացնում ենք չորեքշաբթի` մայիսի 15–ի առավել ուշագրավ նորությունների հնգյակը։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մայիսի 15–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտնել է, որ այս տարվա ընթացքում մինչև հունվար կավարտվեն մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները, և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները: «Շինարարությունը կսկսենք կամրջից։ Կառուցապատողների հետ ենք բանակցում: 3 տարբեր կառուցապատող ընկերությունների հետ ենք աշխատում, այսօր դեռ անուններ չեմ ուզում տալ, բայց կառուցապատողները շահագրգռված են հետևյալ ձևով. Աջափնյակի մետրոպոլիտենի կառուցապատողին հնարավորություն է տրվելու մեծ առևտրային կենտրոն կառուցել Թումոյի տարածքի կողքի շրջանում, այսինքն` մետրոպոլիտենի վրա, և մոլի առաջին հարկի միջից է լինելու մետրոպոլիտենի կապը», – նշել է Երևանի գլխավոր ճարտարապետը։
- Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել Չինաստանի պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ։ Լի Քեցյանի խոսքով, Հայաստանն ու Չինաստանը կարող են սերտորեն համագործակցել տարբեր ոլորտներում` հաշվի առնելով երկու երկրների ընդհանրությունները: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։
- Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման և Փաշինյան–Ալիև ակնկալվող հանդիպման մասին։ «Եղել է զրույց` շփում, դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք», – ասել է Մնացականյանը։ Պատասխանելով այն հարցին, թե քննարկվե՞լ է, արդյոք, երկու երկրների առաջնորդների հանդիպումը` Մնացականյանն առաջարկել է մի փոքր համբերել։ «Մի փոքր էլ համբերենք։ Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար և հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք», – պարզաբանել է Զոհրաբ Մնացականյանը
- Մայիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացել։ Մայիսի 14-ին, հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ Արաբկիրի ոստիկանները խուզարկել են Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկը՝ հայտնաբերելով մեծ քանականությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք`գործարանային համարը ներկանյութով ծածկված «Կալաշնիկով» ինքնաձիգ, տարբեր տեսակի մեկփողանի հրացաններ, 3 նռնակ, ընդհանուր 800 գրամ քաշով պայթուցիկ նյութեր, տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտներ, փամփուշտներով լիցքավորված պահունակներ և այլ ռազմամթերք։ Տանտերը ձերբակալվել է։
- Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ներկայացրել է Երևանի ճոպանուղու կառուցման մանրամասները։ Նրա խոսքով, քաղաքապետարանը չունի բավարար բյուջետային միջոցներ ճոպանուղի կառուցելու համար և նախատեսում է ներդրողներ ներգրավել` թույլ տալով նրանց կառուցել առևտրային կենտրոն Երկրորդ մասիվի տարածքում և հյուրանոցային համալիր` Աբովյանի պուրակի հարևանությամբ։ «Ճոպանուղին կկապի Նոր Նորքն ու կենտրոնը, վերջին կայարանը կլինի Աբովյանի պուրակի մոտ` նախկին Երիտասարդության պալատից` «Կուկուռուզնիկից» ոչ հեռու։ «Ճոպանուղին չի լինի բացառապես զբոսաշրջային օբյեկտ, այն նախատեսված կլինի հենց քաղաքի տրանսպորտային ցանցի համար և պետք է ապահովի քաղաքացիների տեղաշարժը։ Այդ պատճառով ճոպանուղին կունենա մեծ թվով վագոններ` ավելի քան 10 նստատեղով», – նշել է Երևանի գլխավոր ճարտարապետը։–0