Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել մոսկովյան եռակողմ հանդիպման կապակցությամբ

12.01.2021, 22:11
Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել մոսկովյան եռակողմ հանդիպման կապակցությամբ

Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել մոսկովյան եռակողմ հանդիպման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր նախաձեռնության կողմից ներկայացված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Մոսկովյան եռակողմ հանդիպումը որակել է որպես «խայտառակ պարտություն Հայաստանի համար»։ 

Նախաձեռնության Facebook–յան էջում հրապարակված Մանուկյանի հայտարարությունը ներկայացնում ենք առանց փոփոխության։ 

«Ավարտվեց Մոսկվայի եռակողմ հանդիպումը, որը հասարակական-քաղաքական շրջանակներում լուրջ մտահոգությունների ու տագնապների տեղիք էր տալիս:

Հայաստանն այդ հանդիպումից որևէ դրական արդյունք չստացավ, գերիների հարցում մնաց ձեռնունայն: Ադրբեջանը ևս մեկ անգամ վավերացրեց այն, ինչի համար եկել էր: 

Սա հերթական խայտառակ պարտությունն էր Հայաստանի համար: 

Загружается новость ... "Лево"

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանն արդեն իսկ ստացել էր ավելին, քան կարող էր երազել: Այդ հայտարարության որոշ կետերի կատարումն էլ այս ընթացքում խախտել էր իր օգտին՝ 1-ին կետ («…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում») և 8-րդ կետ («…ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»): Այս ամենը՝ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ և անգործությամբ:

Հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևը վերահաստատեց և նոր հիմքերի վրա դրեց 9-րդ կետի իրականացումը («…տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև…»), որն Ադրբեջանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի: Կասկածից դուրս է, որ Փաշինյանի վարչապետության պայմաններում այս կետի իրականացման հետագա բանակցությունների արդյունքները նույնպես լիովին բավարարելու են միայն Ադրբեջանին:

Загружается новость ... "Право"

Ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը հունվարի 11-ի հանդիպումից, որը չստացավ:

Պետք էր բարձրացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին վերաբերող հարցը, որը խախտվել է հօգուտ Ադրբեջանի և որը սպառնալիք է Սյունիքի համար:

Որևէ արձանագրում չեղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության լուծման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ինչը նույնպես մեծ պարտություն էր:

Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումն ու համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեցին մեր մոտեցումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը:

Պարտության խորհրդանիշը պետք է հեռանա, հակառակ դեպքում մեր կորուստներն ու նվաստացումները շարունակվելու են»: 

Հիշեցնենք, որ հունվարի 11–ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Դրանում նշված է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով կողմերն աջակցում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի առաջարկը:

Եռակողմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմագերիների հարցը չի հաջողվել լուծել և այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի։–0–