ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն արձագանքել է հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում գրանցված լարված իրավիճակին։
«Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում», – գիշերը գրել է դեսպանը Facebook–յան իր էջում։
Նշենք, որ արդեն մի քանի օր է` լարված իրավիճակ է հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Նախօրեին երեկոյան ՊՆ–ն
հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ գիշերը մինչև ժամը 02:00-ն Ադրբեջանը
շարունակել է գնդակոծել հայկական դիրքերը.վիրավորվել է Երասխի գյուղապետը։
Երասխ գյուղը գտնվում է Արարատի մարզում։ Հարավից անմիջապես սահմանակից է հայ-ադրբեջանական շփման գծին։ Բնակավայրով է անցնում Երևանը Իրանի սահմանին կապող միջպետական Մ 2 ավտոմոբիլային ճանապարհը, որը Հայաստանի հյուսիսն ու հարավը կապող հանգույց է։ Հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում բնակավայրը սահմանակից է Ադրբեջանի Հանրապետության ենթակայության ներքո գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Հեյդարաբադ բնակավայրին։ Երասխ գյուղից դեպի արևմուտք է գտնվում հայ-թուրքական շփման գիծը։–0–