ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ըստ տեղեկությունների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուց հետո հայտարարեց ակտիվ քաղաքականություն մտնելու մասին, սկսել է հանդիպումներ անցկացնել:
Ինչպես նշում է «Ժողովուրդ» օրաթերթը, նպատակը խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ միավորում ձևավորելն է:
Միայն թե, ինչպես պնդում են աղբյուրները, Քոչարյանը հիմնականում հանդիպում է «մարդ-կուսակցությունների» նախագահների հետ: «Քոչարյանն այս ընթացքում ընդունել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, «Համաձայնություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին», – գրում է թերթը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ կուսակցությունների ղեկավարները չեն հերքել Քոչարյանի հետ հանդիպման փաստը: Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասել է, որ եթե Քոչարյանն ատիվ քաղաքականության մեջ մտնի և այնպիսի խնդիրներ առաջադրի, որը իրենց ծրագրին մոտ է, գուցե համագործակցություն սկսեն:–0–