ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցները 2019 թվականի հունվարի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Հայաստանից Կանադա արտահանվող՝ հագուստի պարունակությամբ 2 առաքանի՝ ընդհանուր 25 կգ քաշով, հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Զննման ընթացքում մաքսային ծառայողները պատռել են կասկածելի հագուստը:
«Պարզվել է, որ դրանց ներքին մասում առկա թաղիքները ներծծված են «ափիոն» տեսակի թմրամիջոցով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջորդ օրը` հունվարի 11-ին, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և օպերատիվ-հետախուզության բաժնի աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանի անցման կետից բերման են ենթարկել ծանրոցը Կանադա ուղարկող Իրանի քաղաքացի Ռ.Ա-ին:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` Զվարթնոց օդանավակայանի մոտակայքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել դեպքի հետ առնչություն ունեցող Իրանի մեկ այլ քաղաքացի՝ Ս.Ե-ն:
ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:
ԻԻՀ երկու քաղաքացիները կալանավորված են:–0–