ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ քննարկել է «Պետական ծառայության մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու դրան առընթեր օրենքների փաթեթը։
Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, փոփոխություններով առաջարկվում է նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից վերադարձնել Բաղրամյան 26։
«Բաղրամյանի վրա հիմա տեղակայված է վարչապետի նստավայրերից մեկը։ Միաժամանակ, վարչապետի նստավայրը կդառնա Հանրապետության Հրապարակի կառավարության շենքը, ինչպես ավելի վաղ էր», – ասաց Զեյնալյանը։
Օրինագծով նախատեսվում է, որ վարչապետը կկարողանա օգտվել նախագահի նստավայրի` արարողությունների համար նախատեսված սրահներից։
Նախագահի լիազորությունների ընդլայնումը նախատեսող փոփոխությունները երկարատև քննարկումներից հետո որոշվել է քննարկել ավելի մանրամասն ու ներկայացնել առանձին օրենսդրական փաթեթով։
Մասնավորապես, առաջարկվում է նախագահին տրամադրել բարձրագույն աստիճաններ շնորհելու, դիվանագիտական աշխատակիցներին գործուղելու, քաղաքացիություն տրամադրելու և քաղաքացիության դադարեցման որոշում ընդունելու լիազորություններ։
Բացի այդ, առաջարկվում է նախագահին տրամադրել պետական մրցանակներ և պատվավոր կոչումներ շնորհելու, ինչպես նաև համաներման մասին որոշումներ ընդունելու լիազորություններ։–0–