+11
Եղանակը Երևանում
Հայ

Տոնածառի հին խաղալիքներ. բարի հիշողություն և ավանդույթներ

12:07
28 Դեկտեմբերի 2015
Ամանորից առաջ հոգսերը, բնականաբար, ավելանում են, և պարտադիր ու հաճելի հոգսերի թվում ամենակարևորն, իհարկե, տոնածառի զարդարումն է։ 

Հին ու բարի ավանդույթ է զարդարել կանաչ գեղեցկուհուն, տեղադրել այն տան ամենապատվավոր անկյունում` ի ուրախություն ընտանիքի անդամներին և հատկապես երեխաներին։ 

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 20–ից հետո գալիս է բոլորիս կողմից սպասված հենց այդ հանդիսավոր պահը, երբ ընտանիքի բոլոր անդամները ջերմ մթնոլորտում սկսում են զարդարել տոնածառը։ 

Ինձ համար ամենաանմոռանալին հենց այն ակնթարթն էր, երբ խորդանոցի անկյունից հանվում էր փոքրիկ ճամպրուկը, որտեղ պահվում էր մի ամբողջ կյանք ու պատմություն` ապակե և թղթե խաղալիքներն ու զարդարանքները։ 

Տարեցտարի դրանց թիվը նվազում է, սակայն դրանից նրանց ջերմությունը չի պակասում։ Ամեն անգամ, բացելով այդ ճամպրուկը, տեղափոխվում եմ մանկություն, երբ ծնողներս մեծ հանդիսավորությամբ բացում էին այն, իսկ ես փորձում էի դիպչել խաղալիքներին` չհասկանալով, որ մեկ անհաջող շարժում, և այդ ողջ գեղեցկությունը կարող է փոշիանալ` վերածվելով մանր բեկորների։ 

Իսկ հիմա, տարիներ անց, ես բացում եմ այդ ճամպրուկն ու արդեն իմ երեխաներն են նույն անհամբերությամբ սպասում տոնածառը զարդարելուն։ 

Կարծում եմ, որ այս զգացմունքները երբեք չեն անհետանա հիշողությունից, և տարիներ անց նույն կերպ իմ որդիներն իրենց իսկ երեխաների համար են բացելու այդ ճամպրուկը` լի հրաշքներով, որից բխող իսկական ուրախությունը տրված է վերապրել միայն մանկության տարիներին։ Սակայն Ամանորը յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս կրկին հայտնվել մանկության գրկում` երջանիկ և անհոգ։ 

Իննա Վերլինսկայա
Բաժնի այլ նյութեր