Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը ոսկե մեդալներ են ստացել ԱԱ–ում լավագույն անհատական արդյունքի համար
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նախօրեին Ծաղկաձորում ավարտված աշխարհի առաջնության արդյունքներով ոսկե մեդալի է արժանացել առաջին խաղատախտակի մոտ լավագույն անհատական արդյունքի համար, հայտնում է armchess.am–ը։
Նույն պարգևին է արժանացել հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը, ով Չենդուում անցկացված աշխարհի կանանց թիմային առաջնությունում անհատական հաշվարկում լավագույն արդյունք ցույց տվեց երկրորդ խաղատախտակի մոտ:
Երկու առաջնություններն անցկացվում էին ապրիլի 19-28–ը։ Տղամարդկանց ԱԱ–ում հայկական հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը, «ոսկին» նվաճել է Չինաստանի թիմը, «արծաթը»` ուկրաինացիները։
Կանանց առաջնությունում Հայաստանի շախմատիստուհիները սահմանափակվել են յոթերորդ տեղով։ Մրցանակակիրների եռյակում են Վրաստանը, Ռուսաստանը և Չինաստանը։ -0-

