Դրոգբան կմասնակցի ամենամյա խաղին, որը նվիրված է աղքատության դեմ պայքարին

10.04.2015, 20:05
Անգլիական «Չելսիի» հարձակվող Դիդիե Դրոգբան Զինեդին Զիդանի թիմի կազմում կմասնակցի 12–րդ ամենամյա խաղին, որը նվիրված է աղքատության դեմ պայքարին և կանցկացվի Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում ապրիլի 20–ին, նշված է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի (ՈՒԵՖԱ) պաշտոնական կայքում։
Դրոգբան կմասնակցի ամենամյա խաղին, որը նվիրված է աղքատության դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Չելսիի» հարձակվող Դիդիե Դրոգբան Զինեդին Զիդանի թիմի կազմում կմասնակցի 12–րդ ամենամյա խաղին, որը նվիրված է աղքատության դեմ պայքարին և կանցկացվի Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում ապրիլի 20–ին, նշված է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի (ՈՒԵՖԱ) պաշտոնական կայքում։

Խաղից ստացված միջոցները կուղղվեն Էբոլա տենդի դեմ պայքարին։ ՈՒԵՖԱ–ն ՄԱԿ–ի զարգացման մասնագիտացված ծրագրի գործընկերն է, ծրագրի գլխավոր նպատակն աշխարհում բնակչության կենսամակարդակի բարձրացումն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՄԱԿ ԶԾ–ն կստանա հավաքած միջոցների երկու երրորդը, որոնք կուղղվեն տենդից առավել տուժած երկրներին` Գվինեա, Լիբերիա և Սիերա Լեոնե։ Մյուս երրորդ մասը կուղղվի ASSE Coeur-Vert ասոցիացիային, որը հովանավորում է Սենտ Էտիենի սոցիալական նախագծերը։

«Ինձ համար պատիվ է օգնել երրորդ երկրների այն բնակիչներին, ովքեր տուժել են Էբոլայի համաճարակից։ Կոչ եմ անում բոլորին միավորել ջանքերն այդ խնդիրը լուծելու համար և ամեն բան անել, որ դա կրկին չկրկնվի։ Ինչպես նաև ես անհամբեր սպասում եմ այն պահին, թե երբ կխաղամ Ռոնալդոյի, Զիդանի և մյուսների հետ, ովքեր կարևոր ավանդ են ներդնում Էբոլայի հետ պայքարում»,– ասել է Դրոգբան, ում խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ–ի կայքը։

Խաղը կվարի իտալացի լեգենդար մրցավար Պիերլուիջի Կոլինան։ Ակնկալվում է, որ առաջիկայում իրենց մասնակցությունը կհաստատեն նաև այլ հայտնի ֆուտբոլիստներ։ -0-