ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Շալանդը որոշել է լքել պաշտոնը հայ ֆուտբոլիստների` Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի արտագնա խաղում ալբանացիներից 2։1 հաշվով կրած պարտությունից հետո։
Հերթական անհաջողությունից հետո Հայաստանի հավաքականը մեկ միավորով Սերբիայի հետ կիսում է վերջին տեղը։ Սակայն հայ ֆուտբոլիստներն ունեցել են չորս խաղ` սերբերից մեկով ավելի։
Չորս հանդիպումից հետո ինը միավորով առաջատար են պորտուգալացիները, յոթական միավոր ունեն Ալբանիայի (երեք խաղ) և Դանիայի (չորս խաղ) հավաքականները։
Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով շնորհակալություն է հայտնել Ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական կազմին, ազգային հավաքականին և երկրպագուներին։
«Ես Հայաստան եմ եկել մոտ մեկ տարի առաջ մի նպատակով` Հայաստանի հավաքականի հետ հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը։ Դա ինձ համար մեծ մարտահրավեր էր։ Իմ պայմանագրում հստակ նշված էր, որ մենք պետք է հավաքենք անհրաժեշտ թվով միավորներ ընտրական փուլը հաղթահարելու համար, հակառակ դեպքում ես պետք է լքեմ իմ պաշտոնը։ Հենց այդ պատճառով ինձ համար ամեն ինչ պարզ է»,– ասվում է հաղորդման մեջ։
Շալանդը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականին, նշելով, որ նա ներուժ ունի։ «Միշտ հետևելու եմ Հայաստանի հավաքականի խաղերին։ Հույս ունեմ, որ այն կխաղա Եվրոպայի և աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում»,– ավելացրեց նա։ -0-