Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին օլիմպիական խաղերին

10.03.2015, 19:00
Հայ մարզիկները կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին, հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը` ներկայացնելով ԱՕԿ–ի գործկոմի նիստի արդյունքները։
Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին օլիմպիական խաղերին

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ մարզիկները կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին, հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը` ներկայացնելով ԱՕԿ–ի գործկոմի նիստի արդյունքները։

Նիստի ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ թեպետ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահությունն ամենաբարձր մակարդակով անվտանգության երաշխիքներ է խոստացել հայ մարզիկների համար, այնուամենայնիվ  մասնակցության հարցը վերջնականապես որոշվելու է միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկումներից հետո:

Այդ մասին Գագիկ Ծառուկյանը տեղյակ է  պահել  նաև ՄՕԿ-ի և ԵՕԿ-ի նախագահներին՝ նախորդ տարի Հայաստանում կայացած հանդիպման ընթացքում:

«Խնդրի հանգամանալից  քննարկումից  հետո քվեարկությամբ որոշում է կայացվել մասնակցել  Բաքվում կայանալիք Եվրոպական  առաջին ամառային խաղերին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ գլխավոր  քարտուղար Հրաչյա  Ռոստոմյանին հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացնել կազմակերպչական աշխատանքները՝ խաղերին հայ մարզիկների մասնակցությունը լավագույնս ապահովելու համար։

Հայ մարզիկներն իրենց  ուժերն են չափելու մրցակիցների  հետ 6 մարզաձևում։

Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը, որոնք հետագայում անցկացվելու են չորս տարին մեկ անգամ, կանցկացվեն Բաքվում հունվարի 12–28–ը։ 20 մարզաձևում անցկացվող մրցումների ընթացքում կխաղարկվի մեդալների 253 կոմպլեկտ մեդալ։ Սպասվում է, որ մրցումներին կմասնակցի ավելի քան 6 հազար մարզիկ մայրցամաքի բոլոր երկրներից։–0–