Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է ամերիկացի ըմբիշ Կայլ Դեյկին

22.12.2014, 22:16
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2014թ. չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Facebook–ի իր էջում  պատմել է Նյու Յորք կատարած այցի եւ ԱՄՆ-ի ազատ ոճի լավագույն ըմբիշներից Կայլ Դեյկի հետ գոտեմարտի մասին:
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է ամերիկացի ըմբիշ Կայլ Դեյկին

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2014թ. չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Facebook–ի իր էջում  պատմել է Նյու Յորք կատարած այցի եւ ԱՄՆ-ի ազատ ոճի լավագույն ըմբիշներից Կայլ Դեյկի հետ գոտեմարտի մասին:

«Շնորհավորհում եմ բոլորիս Madison Square Garden-ում տարած գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ: Սա առանց չափազանցության պատմական իրադարձություն էր նախ այն պատճառով, որ Հայաստանը ներկայացնող առաջին հայազգի մարզիկն էր հանդես գալիս այդ հիասքանչ դահլիճում, որտեղ ներկա էր 6000-ից ավելի հանդիսատես, այդ թվում՝ մեր հայրենակիցները, ինչն անչափ ոգևորող եւ հաճելի էր: Նաև շատ կարևոր էր ձևաչափը՝ հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբիշների մենամարտ` մրցակցի հարազատ երկրում  և  քաղաքում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,– գրել է Ջուլֆալակյանն իր էջում։

Ըստ նրա, մենամարտը շատ դիտարժան ստացվեց:

Ջուլֆալակյանը գրել է նաև, որ Բազմաթիվ ամերիկացիներ հիացած էին եւ նշում էին, որ վաղուց ներկա չէին եղել նման հետաքրքիր հունահռոմեական ոճի գոտեմարտի:

«Կազմակերպիչների կողմից բոլոր պայմանավորվածությունների կոպիտ խախտում կար։ Ես հասկացա, որ ԱՄՆ–ում առանց մենեջերի շատ բարդ է։ Օդանավակայանում ինձ ու մարզչին ոչ ոք չդիմավորեց։ Երբ մեր տեղացի հայի օգնությամբ ժամանեցինք հյուրանոց  և կապնվեցի կազմակերպչի հետ` հայտնելու դժգոհությունս, 1000 անգամ ներողություն խնդրեց  և նշեց, թե դա իբր թյուրիմացություն է: Բայց հետագայում պարզվեց, որ դրանք խորապես մտածված քայլեր էին՝ ինձ հունից հանելու, նյարդայնացնելու  և հնարավորինս դժվարություններ ստեղծելու համար: Խնդիրներ հյուրանոցում, մարզումների կազմակերպման հարցում, ինչը չէր կարող չազդել գոտեմարտի ելքի վրա։ Սակայն, իմ փորձի շնորհիվ, ես արժանապատվորեն պատասխանեցի նրան իմ հաղթանակով»,– ասաց Ջուլֆալակյանը։

Արսեն Ջուլֆալակյանը հայ հայտնի ըմբիշի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջտուլֆալակյանի որդին է։ Ջուլֆալակյան կրտսերն աշխարհի չեմպիոն է, Լոնդոնի օլիմպիադայի արծաթե և 2010 թվականի Մոսկվայի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ 2009 թվականի Եվրոպայի (Վիլնյուս) չեմպիոն, 2014 թվականի Եվրոպայի (Վանտաա) առաջնության արծաթե մրցանակակիր և 2012 թվական եվրոպական առաջնության (Բելգրադ) բրոնզե մեդալակիր։ 2011 թվականին Ստամբուլի աշխարհի առաջնությանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ -0-